«Այաքսի» և «Լիվերպուլի» լեգենդների հանդիպումն ավարտվել է «մերսիսայդցիների» հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Նշենք, որ «Լիվերպուլի» լեգենդների գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է Սվեն-Գորան Էրիկսոնը, որի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ հունվարին «մերսիսայդցիների» երկրպագուները արշավ էին սկսել՝ կոչ անելով մերսիսայդցիների լեգենդների մարզիչ նշանակել Սվեն-Գորան Էրիկսոնին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ միշտ աջակցել է «Լիվերպուլին» և ցանկանում է մարզել այս թիմը։




Այս տարվա հունվարին շվեդ մասնագետը հայտարարեց, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Էրիկսոնի խոսքով՝ իրեն լավագույն դեպքում մեկ տարի է մնում ապրելու։
Էրիկսոնը 76 տարեկան է։ Նա Անգլիայի հավաքականը մարզել է 2001-ից 2006 թվականներին։ Սվեն-Գորանը աշխատել է նաև «Բենֆիկայի», «Ռոմայի», «Սամպդորիայի» և «Լացիոյի» հետ։ Էրիկսոնը երեք անգամ գլխավորել է «Բենֆիկան» և նվաճել Իտալիայի գավաթը «Ռոմայի» հետ: 2022-ից 2023 թվականներին Սվենը աշխատել է շվեդական «Կարլստադ» ակումբի մարզական տնօրենի պաշտոնում։
























































