«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:3)։
««Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» դիմակայությունը աշխարհի լավագույն մրցակցություններից մեկն է: Սա պատմական հանդիպում է։ Առաջին 35 րոպեները լավագույնն էին, որ ես տեսել եմ իմ թիմից այս մրցաշրջանում: Դրանից հետո մենք թուլացրեցինք տեմպը։ Դուք տեսաք, որ «Լիվերպուլը» շատ լավն էր։ Մենք հավատում էինք մեր ոճին և օգտվում էինք մեր հնարավորություններից»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մրցաշարի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Քովենթրիի» հետ։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Չելսիի» հետ։ Մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն ապրիլի 20-ին և 21-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին։