Մադրիդի «Ռեալը» սկսել է աշխատել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ գործող համաձայնագիրը երկարաձգելու ուղղությամբ, հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ դա կապված է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մոտալուտ տրանսֆերի հետ, ով կարող է դառնալ Կառլո Անչելոտիի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական թիմը Մբապեի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նախօրեին Կիլիանը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ և խնդրել իրեն նոր առաջարկներ չանել պայմանագիրը երկարաձգելու համար, քանի որ նա արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։
Ջուդ Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում 20-ամյա անգլիացին դարձել է 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։