Բասկետբոլի ազգային ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է երկրպագուների, խաղացողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկության արդյունքները՝ 2023/2024 մրցաշրջանի Բոլոր աստղերի խաղի մեկնարկային հնգյակները որոշելու համար։
«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը և «Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Անտետոկունմպոն ճանաչվել են ավագներ իրենց կոնֆերենցիաներում (համապատասխանաբար՝ Արևմուտք և Արևելք):
Արևմուտքի թիմի կազմում Նիկոլա Յոկիչը (Դենվեր Նագեթս), Կևին Դյուրանտը (Ֆենիքս Սանս), Շի Գիլջես-Ալեքսանդերը (Օկլահոմա Սիթի) և Լուկա Դոնչիչը (Դալաս Մավերիկս) առաջին րոպեներից կսկսեն հանդիպումը։ Արևելքում մեկնարկային հնգյակում են Ջոել Էմբիդը (Ֆիլադելֆիա), Ջեյսոն Տատումը (Բոստոն Սելթիքս), Թայրիս Հալիբյորթոնը (Ինդիանա) և Դեմիեն Լիլարդը (Միլուոկի Բաքս):
Բոլոր աստղերի խաղը տեղի կունենա Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում փետրվարի 18-ին։