Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 305 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկական Գվադալահարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում։
Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։
Սա Հայաստանի հավաքականների երկրորդ մեդալն էր աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նախօրեին աշխարհի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը: