Սամբիստ Սարգիս Վարդանյանը առաջին անգամ մասնակցելով սամբոյի աշխարհի առաջնությանը՝ դարձել է բրոնզե մեդալակիր: ArmSport-ի թղթակցի հետ զրույցում Սարգիսը պատմել է զգացողությունների և այլնի մասին.
«Հիանալի զգացողություններ ունեմ, թեև իհարկե ձգտում էի ավելի բարձր կարգի մեդալ նվաճել: Սա իմ առաջին մասնակցությունն էր նմանօրինակ խոշոր մրցաշարի ու հանդես եկա ավելի բարձր քաշային կարգում: Ամեն դեպքում, գոհ եմ արդյունքիցս: Համալիրում շատ լավ մթնոլորտ էր, երկրպագուների ոգևորությունն ինձ ավելի մեծ ուժ էր տալիս»,- ասել է Սարգիս Վարդանյանը:
Վարդանյանը նաև հանդես է գալիս MMA-ում և երկու շաբաթից մենամարտ կանցկացնի արդեն Խառը մենամարտերում. «Այս անգամ կմրցեմ 70 կգ քաշային կարգում ու կմենամարտեմ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Այս առաջնությունից հետո արդեն կպատրաստվեմ այդ մենամարտիս»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-12-ը Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանը 70 երկրի շուրջ 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանը ներկայացված է տղամարդկանց մարզական, մարտական սամբոյի, և կանանց մարտական սամբոյի մրցումների 7-ական քաշային կարգերում: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 բրոնզե մեդալ են նվաճել: