Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համալիր մարզադպրոցը, գրադարանը և «Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ավագանու՝ օգոստոսի 29-ին կայացրած որոշումից հետո մարզադպրոցը դիմել է տարբեր մարմինների՝ պահանջելով թույլ չտալ դրա իրագործումը:
Հարկ է նշել, որ մարզադպրոցն ունի երկու մասնաշենք, որտեղ գործում է 6 մարզաձև` 28 խմբերով և շուրջ 240 մարզիկներով, խմբեր ունեն Բասեն, Կամո, Հացիկ բնակավայրերում։
ArmSport-ը կապ է հաստատել մարզադպրոցի տնօրեն Լևոն Գեղամյանի հետ, որը հույս է հայտնել, որ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդառաջ կգնա իրենց, և դպրոցը չի լուծարվի:
«Համայնքի ղեկավարն ասել է՝ կաշխատեն, որ ամեն ինչ լավ լինի»,- ասում է Գեղամյանը՝ հավելելով․
«Սա ոչ թե օպտիմալացում է, այլ քաղաքական որոշում է, կայացրել են, որպեսզի վարձահատույց լինեն ինչ-որ մեկի իրականացրած կոնկրետ գործողության դիմաց: Լավ կլինի ընդառաջ գնան մեր պահանջին և հրաժարվեն իրենց մտադրությունից,այլապես անխուսափելի կլինի այդ պատմության բացահայտումը և հանրայնացումը: Բոլորին է հայտնի, թե ինչի համար է այդ պատմությունը՝ որն ինչի և ում համար է»։
ArmSport-ն այս թեմայի հետ կապված դիմել է նաև ԿԳՄՍ նախարարություն, պատասխանել են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմում է հասցեագրել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ներկայացնելով մարզադպրոցի և արվեստի դպրոցի գործառույթներն ու հայտնելով, որ նախարարությունը ոչ նպատակահարմար է համարում դրանց և գրադարանի միավորումը, քանի որ տարբեր են նրանց կանոնադրությամբ սահմանված նպատակներն ու խնդիրները։
Այնուամենայնիվ, ինչպիսին կլինի հարցի հանգուցալուծումը, դեռ պարզ չէ։