Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ համերաշխ է հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների միջազգային ֆորումում ելույթ է ունեցել ի պաշտպանություն ռուս մարզիկների։
Ավելի վաղ Ջուլֆալակյանն իր ելույթում ՄՕԿ-ին կոչ էր արել չպատժել մարզիկներին՝ նշելով, որ սպորտը պետք է լինի «խաղաղ կղզի, որով կարելի է կամուրջներ կառուցել»։ Նրա խոսքով, արևմտյան երկրներն արդեն արգելել են կրթությունն ու մշակույթը, իսկ այժմ ցանկանում են «արգելել սպորտը»։ Նա նաև համեմատել է Ուկրաինայի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և զարմացել, թե ինչու հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ։
«Արսենն իմ եղբայրն է ըմբշամարտի գորգի վրա, նա ինձ համար միշտ եղել և մնում է լավ ընկեր, որից ես, լինելով ավելի փոքր, օրինակ եմ վերցնում և ինչ-որ բան սովորում»,- ասել է Վլասովը։
Վլասովը Ջուլֆալակյանի հետ հանդիպել է 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում՝ մինչև 74 կգ քաշային կարգում։ Այդ ժամանակ հաղթել է ռուս մարզիկը։ Ջուլֆալակյանը, օլիմպիական արծաթից բացի, աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալներ և Եվրոպայի չեմպիոն է։