Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի հետ, Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում կմրցի Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևի հետ, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Սինգ Մեհարը։