Ռուսաստանցի գործարար Անտոն Զինգարևիչը, որին պատկանել է անգլիական «Ռեդինգը», չի դարձել Չարենցավանի «Վանի» նոր սեփականատերը: Այս մասին հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վանը» չի վաճառվել:
«Անգամ հանդիպում չի եղել պոտենցիալ գնորդի հետ։ Սկզբում եղել է ակումբը վարձակալելու տարբերակ, հետագայում քննարկվել է նաև վաճառքի տարբերակը, սակայն գործարք տեղի չի ունեցել։ Սեպտեմբերին, կամ հոկտեմբերին նախատեսվում է հանդիպում, որի ժամանակ միայն կքննարկվեն «Վանի» վաճառքի, կամ վարձակալելու տարբերակները»,- գրել է Մելիքսեթյանը։
Ավելի վաղ Sportball24.com-ը հայտնել էր, որ հայկական ակումբի բաժնետոմսերի հիմնական փաթեթը կանցնի ռուս գործարարին, երբ տվյալները մուտքագրվեն առևտրային ռեգիստր և որ այս պահին բանակցությունները եզրափակիչ փուլում են։
Անտոն Զինգարևիչը անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատերն է։ Ակումբը ձեռք է բերել 2012 թվականին, բայց երկու տարի անց վաճառել է այն և լքել տնօրենների խորհուրդը: 2021 թվականին գործարարը ձեռք է բերել բուլղարական «Բոտև» ակումբը։ Ռուս օլիգարխը կապ ունի նաև դանիական «Ֆրեմադ Ամագեր» ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև Գելենջիկի «Վիստա» ֆուտբոլային ակումբի հետ, որի հետ «Վանը» վերջերս՝ սեպտեմբերի 4-ին, Չարենցավանում ընկերական հանդիպում է անցկացրել (1:1):