Ռուսաստանցի գործարար Անտոն Զինգարևիչը, որին պատկանել է անգլիական «Ռեդինգը», կդառնա Չարենցավանի «Վանի» նոր սեփականատերը:
Ինչպես հայտնի է դարձել Sportball24.com-ին, հայկական ակումբի բաժնետոմսերի հիմնական փաթեթը կանցնի ռուս գործարարին, երբ տվյալները մուտքագրվեն առևտրային ռեգիստր։ Այս պահին բանակցությունները եզրափակիչ փուլում են։
Անտոն Զինգարևիչը անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատերն է։ Ակումբը ձեռք է բերել 2012 թվականին, բայց երկու տարի անց վաճառել է այն և լքել տնօրենների խորհուրդը: 2021 թվականին գործարարը ձեռք է բերել բուլղարական «Բոտև» ակումբը։ Ռուս օլիգարխը կապ ունի նաև դանիական «Ֆրեմադ Ամագեր» ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև Գելենջիկի «Վիստա» ֆուտբոլային ակումբի հետ, որի հետ «Վանը» վերջերս՝ սեպտեմբերի 4-ին, Չարենցավանում ընկերական հանդիպում է անցկացրել (1:1):
«Ակնկալվում է, որ «Վանը» կդառնա «Վիստայից» ժամանած երիտասարդ խաղացողների հանգրվանը: Vista ֆուտբոլի զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականի մարտի 16-ին Գելենջիկում։ Այն աջակցություն է տրամադրում տեղացի և արտասահմանցի ուսանողներին ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ ֆուտբոլային վարպետության զարգացման շրջանակում: Նրա կազմում կան ուսանողներ Աֆրիկայից, Հայաստանից և Ռուսաստանից, որոնցից էլ կազմվել է կենտրոնի հիմնական թիմը։
2021 թվականին ակումբն ընդգրկվել է Կրասնոդարի երկրամասի առաջնության Բարձրագույն լիգա։ Իր նորամուտի մրցաշրջանում թիմը դարձել է բրոնզե մեդալակիր։ 2022 թվականին FDC «Vista»-ն դարձել է Կրասնոդարի երկրամասի գլխավոր լիգայի չեմպիոն։ 2023 թվականին նրանք դարձել են Բուլղարիայում կայացած Բոտևի գավաթի մինչև 19 տարեկանների մրցաշարի հաղթող»,- ասվում է Sportball24.com-ի հրապարակման մեջ։
Կենտրոնն ունի բազմաթիվ սաներ, որոնք համալրել են տարբեր երկրների թոփ ակումբների շարքերը:
Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Վանը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 6 տուրից հետո իր ակտիվում ունենալով 4 միավոր։