Արցախի Հանրապետությունում երեկ կայացել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանի պսակադրման արարողությունը:
Արցախի թեմից հայտնում են, որ վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։
«Որոշումը հստակ էր: Շրջափակումը չէր կարող պսակադրության չեղարկման պատճառ հանդիսանալ: Կարևորը վանքում օրհնություն ստանալն է: Անտեսելով բոլոր խնդիրները` պարտավոր ենք նոր ընտանիքներ կազմել ու ապրեցնել Արցախը»,- ասում է Արմանը:
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ ու շենացնել Արցախը։