Հուլիսի 20-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։
«Փյունիկը», որն առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել էր «Նարվա Տրանսին», էստոնիայում կայացած խաղում ևս հաղթանակ տարավ (3։0)։
Ալբանիայում «Արարատ-Արմենիան» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում 4։2 հաշվով հաղթեց «Էգնատիային»։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը ևս 2 գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ Առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։
Հայկական մեկ այլ թիմ՝ «Ալաշկերտը», հյուրընկալվելիս 6։1 հաշվով ջախջախեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատին» (առաջին հանդիպումը՝ 1։1)։
Այսպիսով, եվրագավաթային մրցաշրջանին մասնակցող հայկական բոլոր 4 թիմերը կխաղան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում։
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Զրինսկիի» արգելքը չհաղթահարելուց հետո ԿԼ-ի որակավորման 2-րդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ։
Երևանի «Փյունիկը» կխաղա Շվեդիան ներկայացնող «Կալմարի», իսկ «Արարատ-Արմենիան»՝ հունական «Արիսի» հետ։
«Ալաշկերտի» մրցակիցն էլ կլինի հունգարական «Դեբրեցենը»։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 3-ին։