Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր մարտուղյակ են դուրս եկել սուսերամարտիկները:
Հայաստանի բազմակի չեմպիոն ու առաջատար խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, հաղթահարելով որակավորման փուլը, դուրս է եկել լավագույն 64 մարզիկների խումբ, որտեղ սակայն 15-5 հաշվով զիջել է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Աննա Զենսին:

Պողոսովան շուրջ 16 տարի է ՝ զբաղվում է սուսերամարտով, ասում է՝ նպատակն իր երբեմնի լավագույն արդյունքը գոնե կրկնելն էր, ցավոք՝ չստացվեց. «Անկախ Հայաստանի պատմության մեջ սուսերամարտում մեր լավագույն արդյունքն իմն է՝ աշխարհի առաջնությունում 8-րդ հորիզոնականը: Նպատակ ունեի գոնե կրկնելու այդ արդյունքը, ցավոք՝ չստացվեց: Եվրոպական խաղերում հեշտ մարտեր ու հեշտ մրցակիցներ չկան. մրցակիցներս գրեթե բոլորը տիտղոսակիր մարզիկներ էին՝ աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոններ, որոնք լրջորեն նախապատրաստվել էին այս վարկանիշային մրցաշարին»:
Էմմայի խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը մրցակցային պրակտիկայի սղությունն է. «Մրցումների քիչ ենք մասնակցում ու փորձի պակասը զգացնել տալիս է»:
Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանն ու Բորիս Դադայանը, որոնք, սակայն, չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

Սուսերամարտիկները Եվրոպական խաղերին մասնակցել են մարզիչներ Արմեն Նավասարդյանի և Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Խոցասուսերի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը, ամփոփելով Էմմա Պողոսովայի արդյունքը, նշում է՝ մարզուհուց ավելին էր սպասում. «Համատեղ մարզումներ անցկացնելով նախապատրաստվել էինք Եվրոպական խաղերին: Էմման լավ մարզավիճակում էր գտնվում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Ավելիին էինք սպասում: Ցավոք, միայն մեկ փուլ կարողացավ հաղթահարել: Այնքան էլ գոհ չեմ նրա ելույթից. վստահ եմ՝ կարող էր ավելին: Երևի՝ ֆիզիկականը խանգարեց, մրցակիցն ավելի արագ էր»:
Մարզչի խոսքով՝ առաջիկայում իրենք կմասնակցեն մեծահասակների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 22-ից 30-ն Իտալիայի Միլան քաղաքում, իսկ սեպտեմբերին Երևանում կանցկացվի միջազգային մրցաշար:


Ճկասուսերակիրների թիմի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը ևս գնահատել է իր սաների մրցելույթները:
«Բնականաբար, այլ սպասելիքներ ունեինք: Չկարողացանք անցնել նախապատրաստական այն փուլը, որը ցանկանում էինք: Եթե նախքան Եվրոպական խաղերը մեկ-երկու միջազգային մրցաշարի և ուսումնամարզական հավաքների մասնակցած լինեինք, վստահ եմ՝ արդյունքն այլ կլիներ: Մեր տղաները 17-18 տարեկան են, ոմանք առաջին անգամ էին նմանօրինակ խոշոր միջազգային մրցաշարի մասնակցում: Այնպես որ, փորձի պակասն իրենն ասեց: Ելույթները բավարար եմ գնահատում՝ հաշվի առնելով, որ սա տղաների առաջին լուրջ փորձառությունն էր, այն էլ՝ մեծահասակների պայքարում: Եվրոպական խաղերը վարկանիշային էին Օլիմպիական խաղերի համար, այնպես որ բոլոր երկրները գործուղել էին իրենց ուժեղագույն մարզիկներին»,- ասում է Գագիկ Հովհաննիսյանը:
Մարզիչը վստահեցնում է՝ դասեր կքաղեն այս Խաղերից, որպեսզի հետագա մրցաշարերում ավելի լավ հանդես գան:
Վաղը՝ հունիսի 27-ին, մարտուղյակ դուրս կգան խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանն ու Գրիգոր Մնացականյանը:























































