Կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է տեղափոխվել արգենտինական «Արգենտինոս Խունիորս», հայտնում է Ole-ն:
Հրապարակման համաձայն՝ 39-ամյա կիսապաշտպանի հետ կապ է հաստատել ակումբի գլխավոր մարզիչ Գաբրիել Միլիտոն, ով Ինյեստայի հետ խաղացել է «Բարսելոնայում»։
2018 թվականին Ինյեստան տեղափոխվեց ճապոնական «Վիսել Կոբե» ակումբ, որը վերջերս հայտարարել էր ֆուտբոլիստի հեռանալու մասին, չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը գործում էր մինչև 2024 թվականի հունվարը։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը հինգ հանդիպում է անցկացրել ճապոնական ակումբի կազմում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Մինչ Ճապոնիա տեղափոխվելը Ինյեստան 16 տարի անցկացրել է «Բարսելոնայի» կազմում, որտեղ ինը անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, չորս անգամ Չեմպիոնների լիգան, 3-ական անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։