«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բոնոն ստացել է Hankook մրցանակը,. որը տրվում է Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի լավագույն խաղացողին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նրա թիմը 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է «Ռոմային» , իսկ հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով:
ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները նշել են, որ որոշիչ են եղել 32-ամյա դարպասապահի սեյվերը 11 մետրանոց հարվածաշարում։ Մարոկկացի դարպասապահը հետ է մղել Ջանլուկա Մանչինիի ու Ռոջեր Իբանեսի հարվածները՝ գոլ ընդունելով միայն Բրայան Կրիստանտեից։
Բոնոն «Սևիլիայի» Եվրոպա լիգայի վերջին խաղարկությունում մասնակցել է 6 հանդիպման, որոնցում 5 գնդակ է բաց թողել: Նախկինում նա անդալուզցիների հետ արդեն նվաճել էր այս գավաթը 2019/2020 մրցաշրջանում, ապա ընդգրկվել էր մրցաշարի խորհրդանշական հավաքականում։