«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Քյոլնին» և դարձավ 2022/23 մրցաշրջանի չեմպիոն։ Վերջին տուրից առաջ «Բորուսիան» երկու միավորի առավելություն ուներ մյունխենյան թիմի նկատմամբ, բայց չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց թողեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Մայնցի» հետ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ցուցանիշներով մյունխենյան ակումբը դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Ի դեպ, «Բավարիան» 11-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է Բունդեսլիգայի հաղթող։
Բեռլինի «Յունիոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Վերդերին» (1-0) և նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Շտուտգարտը» Գերմանիայի առաջնության եզրափակիչ տուրում միավորները կիսեց «Հոֆենհայմի» հետ (1-1) և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ Այժմ «Շտուտգարտը» պետք է խաղա փլեյ-օֆֆ փուլում՝ երկրի էլիտար դիվիզիոնում մնալու իրավունքի համար։
«Շալկեն» արտագնա խաղում պարտություն կրեց «Լայպցիգից» (2-4) և մրցաշրջանն ավարտեց 17-րդ տեղում՝ Բունդեսլիգայից դուրս մնալով։ Մինչ այդ Երկրորդ Բունդեսլիգա էր «ուղևորվել» նաև «Հերտան»:
Մյուս հանդիպումներում «Ֆրայբուրգը» հյուրընկալվելիս զիջեց «Այնտրախտին» (1-2), Հրանտ-Լեոն Ռանոսի նոր ակումբը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Աուգսբուրգին» (2-0), «Բայերը» հյուրընկալվելիս պարտվեց «Բոխումին» (0-3): «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Հերտայից» (1-2)։
Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարային աղյուսակը․