«Տոտենհեմի» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում (1:6) մկանային վնասվածքի պատճառով Լյորիսը փոխարինվել է ընդմիջմանը։ Անգլիայի առաջնությունում թիմի հաջորդ երկու հանդիպումներում (մրցակիցներն էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»), դարպասապահը նույնպես խաղադաշտ դուրս չեկավ։
«Ուգոն չի խաղա մրցաշրջանի մնացած հատվածում: Մենք ստացանք նրա բուժզննման արդյունքները, ինչը, իհարկե, վրդովեցրեց մեզ։ Բայց մենք ի սկզբանե վախենում էինք նման արդյունքից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռայան Մեյսոնը։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆրանսիացի դարպասապահը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։