Ֆրենկ Լեմպարդը կշարունակի «Չելսիի» ժամանակավոր մարզչի պաշտոնը զբաղեցնել մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
44-ամյա մասնագետը գլխավորել է ակումբը ապրիլի 6-ին: Նրա գլխավորությամբ լոնդոնյան թիմը պարտություն է կրել բոլոր հինգ հանդիպումներում՝ դրանցում խփելով ընդամենը մեկ գնդակ։ Խփած և բաց թողած գոլերի ընդհանուր տարբերությունը 1:9 է:
Չնայած երկար առանց հաղթանակների շարքին և թիմի համոզիչ խաղի բացակայությանը՝ կապույտների ղեկավարները չեն հեռացնի Լեմպարդին մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը:
«Չելսիի» ղեկավարությունը շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։ Այս պահին ֆավորիտ է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն։ Նա կարող է թիմը գլխավորել հուլիսին։
«Չելսին» 32 խաղից ունեցած 39 միավորով 11-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: Թիմին դուրս մնալու գոտուց 10 միավոր է բաժանում։ Մինչև մրցաշրջանի ավարտ «Չելսին» պետք է խաղա «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Նյուքասլի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ։