Տրանսֆերային փորձագետ Փոլ Բրաունը վստահ է, որ «Արսենալը» բոլոր ջանքերը կգործադրի այս ամռանը «Վեսթ Հեմի» ավագ Դեկլան Ռայսին ձեռք բերելու համար:
«Կարծում եմ, որ «Արսենալը» հաստատ պատրաստ կլինի 80 միլիոն ֆունտ վճարել Դեկլան Ռայսի համար: Սակայն նրա գինը շատ հեռու է նրանից, ինչի համար նրան գնահատում է «Վեսթ Հեմը», և սա է խնդիրը։ Ես իսկապես կարծում եմ, որ եթե նույնիսկ «Արսենալը» չնվաճի տիտղոսը, նրանք շատ գումար կծախսեն այս ամռանը, քանի որ ակումբի սեփականատերերը տեսնում են, որ Արտետայի հետ հաղթանակի ճանապարհին են, և որ նրանք իսկապես ինչ-որ բան նվաճելուն մոտ են: Եթե «Արսենալը» նվաճի տիտղոսը, կարծում եմ, որ դա կավելացնի բյուջեն»,- Բրաունի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը:
Ռայսը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2013 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում 24-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































