«Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ վարել Լուիս Էնրիկեի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացու հնարավոր նշանակման շուրջ։ Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը։
Մարտի վերջին «Տոտենհեմը» հեռացրեց Անտոնիո Կոնտեին և նշանակեց իտալացի Քրիստիան Ստելինիին մինչև մրցաշրջանի ավարտը:
Ապրիլի սկզբին տեղեկություններ կային, որ Էնրիկեն բանակցություններ է վարել «Չելսիի» հետ։ Դրանից հետո լոնդոնյան ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Ֆրենկ Լեմպարդին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն հիասթափվել է «Չելսիի» ղեկավարության այս որոշումից։ Բանակցությունների ընթացքում իսպանացի մասնագետը փորձել է համոզել ակումբի ղեկավարներին՝ իրեն հնարավորություն տալ գլխավորելու թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում։
52-ամյա Լուիս Էնրիկեն առանց աշխատանքի է մնացել 2022 թվականի դեկտեմբերին Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո։