«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին մեկնաբանել է կոնֆլիկտը «Տոտենհեմի» իր գործընկեր Քրիստիան Ստելինիի հետ երեկ կայացած հանդիպումից հետո, որի ժամանակ երկու մասնագետներն էլ կարմիր քարտ են ստացել։
Շաբաթ օրը Լոնդոնում կայացավ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումը և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Խաղի մեկնարկից առաջ Դե Զերբին հրաժարվել է սեղմել Ստելինիի ձեռքը և բարձր տոնով խոսել է նրա հետ։ Երկրորդ խաղակեսում կրկին կոնֆլիկտ է տեղի ունեցել ակումբների մարզչական շտաբների միջև, որից հետո մրցավար Ստյուարտ Էտվելը խաղադաշտից հեռացրել է երկու մարզիչներին։
«Ես հարգում եմ բոլորին խաղադաշտում և դրանից դուրս: Չեմ սիրում, երբ ինձ չեն հարգում։ Բայց ֆուտբոլում լինում են այսպիսի իրավիճակներ։ Ես նրան ասացի իմ կարծիքը, մտքերը, վատ բառեր չօգտագործեցի։ Ես կարող եմ պատասխանել ինքս ինձ համար, ոչ թե նրա փոխարեն։ Ես ոչ մի ճնշում չեմ գործադրել մրցավարի վրա։ Ինձ դուր չի գալիս, երբ մրցակցի թիմի մարզիչը ճնշում է գործադրում մրցավարի վրա։
Իմ կարիերայում առաջին անգամը չեն կարմիր քարտերը։ Թիմն առանց ինձ պահեստայինների նստարանին երկու հանդիպում անցկացրեց և երկուսում էլ հաղթեց։ Միգուցե ես փոխել եմ լիգաները և պետք է փոխե՞մ սովորություններս»,- մեջբերում է Դե Զերբիին Telegraph-ը:
«Բրայթոնը» 46 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է: