«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման նախօրեին նշել է, որ մերսիսայդցիների հետ խաղերը միշտ առանձնահատուկ են՝ անկախ նրանից, թե թիմերը ինչ տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։
«Հիմա մենք չենք նայում մրցաշարային աղյուսակին: Մենք պարզապես փորձում ենք կենտրոնանալ մեր խաղի վրա: Բոլորը գիտեն, թե որքան վտանգավոր է «Լիվերպուլը»: Նրանք ապշեցուցիչ թիմ են, և կարևոր չէ, թե աղյուսակի որ տեղում են նրանք այժմ:
«Լիվերպուլի» դեմ յուրաքանչյուր հանդիպում մեծ խաղ է բոլորի համար, հատկապես «Էնֆիլդում»: Սա յուրահատուկ վայր է, որտեղ երբեք չես իմանա, թե ինչ կարող է լինել»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Արսենալի» հանդիպումը «Լիվերպուլի» հետ կկայանա վաղը՝ ապրիլի 9-ին։
























































