Մայիսին Դոհայում տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ ունեցողները:
Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցության հավանականությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91 –րդն է իր քաշային կարգում:
Հիշեցնենք՝ Ֆերդինանդ Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրքմեն Պարահատ Նազարովին, ապա պարտության է մատնել ադրբեջանցի Նարիման Միրզաևին և մտել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ուզբեկստանցի Օբիտխոմ Նոմոնովին: Երրորդ տեղի համար սփոփիչ մրցամարտում Ֆերդինանդ Կարապետյանը զիջել է վրացի Կոթե Կապանաձեին և ավարտել ելույթները՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Նա վարկանիշային 260 միավոր է հավաքել:
Թբիլիսիի մրցաշարին մասնակցել է նաև Արտյոմ Ղալաչյանը, որը մեկնարկային մենամարտում պարտվել է իսրայելցի Դանիել Կապելուշնիկին և դուրս մնացել պայքարից: