«Նպատակը մեկն է՝ Փարիզ-2024 պարալիմպիկ խաղեր, իսկ մինչ այդ պետք է վարկանիշային միավորներ նվաճել»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, պարաբազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։
Սարգիսը՝ մարզիչ Գևորգ Ստեփանյանի գլխավորությամբ, օրերս Շարժայում անցկացված պարաաթլետիկայի միջազգային բաց առաջնությունում, որին աշխարհի 28 երկրների մարզիկներ էին մասնակցում, կարողացել էր երկու մեդալ նվաճել՝ արծաթե և բրոնզե։ Արծաթե մեդալին արժանացել էր իր 40-ամյակի օրը՝ փետրվարի 21-ին, գնդի հրում մրցաձևում գրանցելով 8,49 մետր արդյունք և զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ նախորդ օրը բրոնզե մեդալ էր նվաճել սկավառակի նետում մրցաձևից․ այստեղ արդեն փորձառու մարզիկը 23,48 մետր արդյունք էր ցույց տվել։
Պարալիմպիկ խաղերի վարկանիշ ձեռքբերելու համար Ստեփանյանը գունդը պետք է հրի 9,50 մետր․ «Մարզումների ժամանակ 8,49 մետրից ավելի բարձր արդյունք էլ եմ ցույց տվել։ Հուսամ՝ առաջիկա մրցաշարերին, որոնք կկայանան մայիսին Իտալիայում և Շվեյցարիայում, կստացվի վարկանիշը ձեռք բերել։ Եթե չստացվի, ուժերս կփորձեմ հուլիսին Փարիզում կայանալիք պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում»։
Սարգիս Ստեփանյանը կարևորում է նաև Հայաստանում մրցաձևի զարգացումն ու այդ նպատակով փորձ հավաքելը․ «Ամենակարևորն այն է, որ փորձ ձեռք բերեմ և Հայաստանում այս մրցաձևը զարգացնեմ, քանի որ ես առաջինն եմ եղել, որը զբաղվել է այս մրցաձևով և միջազգային մրցաշարի է մասնակցել; Հայաստանում մեր ֆեդերացիայի կողմից անցկացվող Հանրապետական մարզական խաղերում արդեն կազմակերպում ենք նաև սկավառակի նետման և գնդի հրման մրցումներ, իհարկե՝ ոչ շատ բարձր մակարդակով։ Նպատակը՝ մեզանում ևս այս մրցաձևը զարգացնելն է»։
Ի դեպ, այս մրցաձևում սրանք Սարգիս Ստեփանյանի առաջին մեդալներն էին միջազգային ասպարեզում։
Սարգիս Ստեփանյանը սկավառակի նետման և գնդի հրման մրցաձևերում, ինչպես հայտնի է, հանդես է գալիս F-55 դասակարգում ունեցող մարզիկների հետ, բայց չի բացառվում, որ հետագայում այս կարգը փոխվի․
«Երբ անցած տարի դասակարգում անցա, ինձ ասացին, որ իրենց համար նոր մարզիկ եմ, քանի որ մեկ ձեռք չունեմ ու զբաղվում եմ այս մրցաձևով։ Ասացին, որ գուցե հետագայում նոր դասակարգ ստեղծեն, որպեսզի մրցակցությունն ավելի արդար լինի, քանի որ F-55 դասակարգում իմ մրցակիցները երկու ձեռք ունեն»,- ասում է Սարգիս Ստեփանյանը։
Նշենք՝ փետրվարի 22-ից Դուբայում մեկնարկել է պարաաթլետիկայի աշխարհի Գրան Պրին, որին Սարգիս Ստեփանյանը ևս կմասնակցի՝ դարձյալ սկավառակի նետում և գնդի հրում մրցաձևերում: