«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին զայրացել է լրագողներից մեկի վրա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Նանտի» դեմ խաղից հետո (1-1): Վերջինս հարցրել է, թե արդյոք 1-0 հաշվով հաղթանակը ստանդարտ պետք է դառնա թիմի համար.
«Ես երբեք չեմ ասել, թե ցանկանում եմ, որ «Յուվենտուսը» 1-0 հաշվով հաղթանակ տանի, դուք ինձ խելագարության կհասցնեք այս անիմաստ խոսքերով: Կլիշե է, թե ես ցանկանում եմ, որ իմ թիմերը հաղթեն 1-0 հաշվով: Ամեն ինչ պարզ է, նայեք իմ թիմերի վիճակագրությանը: Իմ թիմերում միշտ եղել է լավագույն պաշտպանությունն ու երկրորդ լավագույն հարձակման գիծը: Վիճակագրությունից չես փախչի:
Իմ թիմերը միշտ 70-80 գոլ են խփել մեկ մրցաշրջանում: Դուք շատ եք խոսում ոչնչի մասին, ես խոսում եմ թվերի մասին, ահա թե ինչումն է խնդիրը: Գիտեմ, որ դուք պետք է նստեք ու ոչնչի մասին խոսեք, որպեսզի ժամանակը լցնեք, բայց ես այդպես չեմ անում: Դուք դա հորինել եք, պատմություն եք ստեղծել, իսկ հետո շարունակում եք այն տարածել: Դուք աբստրակտ ինչ-որ բաներ եք տեսնում, իսկ ես կոնկրետ:
Ֆուտբոլում ամենակարևորը խաղերում հաղթելն է: Կարևոր չէ՝ 1-0, թե 5-0: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ. իմ թիմերում միշտ եղել է լավագույն պաշտպանությունն ու երկրորդ լավագույն հարձակման գիծը»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Յուվենտուսի» և «Նանտի» միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին: