Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն ամռանը կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիների ղեկավարության համբերությունն արդեն սպառվել է բարձր վարձատրվող Նիկլաս Զյուլեի վատ ֆիզիկական պատրաստվածության և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի պատճառով։ Դորտմունդի «Բորուսիան» արդեն պաշտպանի այլընտրանքներ է փնտրում և մտադիր է նոր թիմ գտնել ֆուտբոլիստի համար։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի բացառել այն տարբերակը, երբ ֆուտբոլիստը ավելորդ քաշից ազատվելու համար համապատասխան դիետայի հետևից հետո կմնա թիմում։
Նիկլաս Զյուլեն Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիայից» 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։