Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Վահդային» և 6 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հինգերորդ րոպեին դաշտի տերերը բացել են հաշիվը. գոլի հեղինակ է դարձել պորտուգալաց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 12-րդ րոպեին Ռոնալդուն դուբլի է ձևակերպել՝ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ 18-րդ րոպեին Օտավիոն երրորդ գոլն է խփել, 46-րդ րոպեին ինքը աչքի է ընկել Սադիո Մանեն:
Երկրորդ խաղակեսում (52-րդ րոպեին) Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ Մանեի փոխանցումից հետո խփելով իր երրորդ գնդակը։ 88-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպել է «Ալ-Նասրի» պաշտպան Մուհամմեդ Ալ-Ֆաթհիլը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» ամրապնդվել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ անցկացրած 30 խաղում վաստակելով 74 միավոր։ Նույնքան հանդիպումներից հետո «Ալ-Վահդան» 32 միավորով 12-րդ տեղում է: