«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հրապարակել է այն չորս ֆուտբոլիստների անունները, որոնք նոր մրցաշրջանում կատարելու են թիմի ավագի պարտականությունները։ Այս որոշումը կայացվել է կիսապաշտպաններ Բերնարդու Սիլվայի և Ռոդրիի հեռանալուց հետո (նախորդ մրցաշրջանում թիմի հիմնական ավագը պորտուգալացի ֆուտբոլիստն էր)։
«Մեր ավագներն են Ռուբեն Դիաշը, Էրլինգ Հալանդը, Մարկ Գեհին և Ջանլուիջի Դոնարուման»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Մարեսկան ընդգծել է, որ «քաղաքայինների» առաջիկա երկու հանդիպումներում ավագի թևկապով դաշտ դուրս կգա պաշտպան Ռուբեն Դիաշը, որից հետո մարզչական շտաբը կգնահատի իրավիճակը։ Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մանչեսթերցիները մեկնարկել են երկու անընդմեջ հաղթանակով։
Հիշեցնենք, որ Բերնարդու Սիլվան ակումբից հեռացել է նախորդ մրցաշրջանի ավարտին՝ ազատ գործակալի կարգավիճակով համալրելով Մադրիդի «Ռեալի» կազմը, իսկ Ռոդրին ամռանը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։




























































