Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հատուկ տեսանյութ է հրապարակել Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզումային առօրյայի մասին: UWW-ն հայ լեգենդին որակել է որպես ըմբշամարտի բոլոր ժամանակների մեծագույններից մեկը, ում յուրաքանչյուր օլիմպիական մեդալի հետևում կանգնած են հազարավոր նմանատիպ ծանր աշխատանքային օրեր:
Տեսանյութում Ալեքսանյանն անկեղծացել է թիմում իր ունեցած դերի, պատասխանատվության և սիրելի վարժությունների մասին․
Հավաքականի և ավագի դերի մասին
«Այո, ես շատ հպարտ եմ, որ այս հավաքականի ավագն եմ, քանի որ մեր թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, և մենք ունենք բարձրակարգ մարզիկներ։ Մեր կազմում կան նաև բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ։ Ես մշտապես փորձում եմ նրանց կողքին լինել, կիսվել իմ փորձով և աջակցել ցանկացած հարցում»։
Պարան մագլցելու և հիմնական հնարքի մասին
«Դեռ մանկուց եմ մագլցել պարանով, և պետք է նշեմ, որ դա ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Սիրում եմ այս վարժությունը, և այն չափազանց կարևոր է իմ գոտեմարտելու ոճի համար։ Քանի որ ըմբշամարտում ես հիմնականում գլորում հնարքն եմ կիրառում, պարան մագլցելը կարելի է համարել ինձ համար ամենաօգտակար վարժություններից մեկը»։
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա ապրիլին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել էր, որ Ալեքսանյանը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս անցնելուց հետո արդեն վերադարձել է թիմ և ակտիվորեն վերսկսել մարզումները։ Թեև լեգենդար ըմբիշն այդ շրջանում բաց թողեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունը, մարզիչն ընդգծել էր, որ խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի կամ աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին։ Օլիմպիական չեմպիոնն այժմ շարունակում է լիարժեք պատրաստվել իր հետագա գոտեմարտերին։




























































