ՊՍԺ-Ն պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, ինչպես նաև հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների հետ գործող պայմանագրերի ժամկետները երկարաձգելու մասին։
Ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնում է, որ նոր համաձայնագրեր են ստորագրվել կիսապաշտպաններ Լուկաս Բերալդոյի, Սենի Մայուլուի, Ժոաու Նևեշի, Ֆաբիան Ռուիսի և պաշտպան Վիլիամ Պաչոյի հետ։ Մայուլուի, Բերալդոյի, Պաչոյի և Նևեշի պայմանագրերը նախատեսված են մինչև 2031 թվականի ամառ, իսկ Ռուիսինը կգործի մինչև 2028-ի ամառ։
Բացի այդ, փարիզյան ակումբը երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ՝ մինչև 2030 թվականը (նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում էր 2027 թվականի ամռանը)։ Իսպանացի մասնագետը թիմը գլխավորում է 2023 թվականի ամռանից։ Նրա ղեկավարությամբ ՊՍԺ-ն հասցրել է գրանցել տպավորիչ արդյունքներ՝ երկու անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը (2024/25, 2025/26 մրցաշրջաններում) և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Ներքին ասպարեզում թիմը երեք անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (2023/24, 2024/25, 2025/26), երկու անգամ նվաճել է երկրի Գավաթը (2023/24, 2024/25) և մեկ անգամ՝ Սուպերգավաթը։
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, փարիզեցիներն արդեն հասցրել են նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 2-1 հաշվով պարտության մատնելով անգլիական «Ասթոն Վիլային»։ Դրան հաջորդել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղը, որտեղ փարիզյան գրանդը նվազագույն՝ 0-1 հաշվով զիջել է «Լանսին»։
Ֆրանսիայի Լիգա 1-ի մեկնարկային տուրերում Լուիս Էնրիկեի սաները վաստակել են երկու միավոր՝ գրանցելով երկու գոլառատ ոչ-ոքի «Ռենի» (2-2) և «Լիլի» (2-2) հետ, որոնցից բացի՝ երեկ գիշեր պարտություն են կրել 1-2 հաշվով «Մոնակոյից» ու այժմ եզրափակում են մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։



























































