Լուրերն արդեն վաղուց Էրլինգ Հալանդին կապում են իսպանական Լա լիգայի գրանդների հետ։ Ֆինանսական կանոնակարգի խախտումների համար «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր պատժի վտանգը միայն թեժացնում է խոսակցություններն այն մասին, որ նորվեգացի հարձակվողն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Իսպանիա։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, Հալանդը բաց է երկու տարբերակների համար էլ. նա դիտարկում է տեղափոխությունը թե՛ Մադրիդի «Ռեալ», թե՛ կատալոնական «Բարսելոնա»։ Սակայն աստղային ֆուտբոլիստը կունենա մեկ առանցքային պահանջ։ Այս ակումբներից որևէ մեկը տեղափոխվելիս Էրլինգը ցանկանում է, որ պայմանագրում պարտադիր կերպով ամրագրվի հրաժարագնի կետ։ Հարձակվողը ցանկանում է սեփական ճակատագիրը պահել իր ձեռքերում և անհրաժեշտության դեպքում կարիերայում նոր էջ բացելու հնարավորություն ունենալ։ Ամրագրված հրաժարագինը պետք է լինի բարձր, սակայն միևնույն ժամանակ՝ իրատեսական։
Նշվում է, որ այս փիլիսոփայությանն է հարում նաև Հալանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան։
«Նրա առաջնահերթությունն է անել այնպես, որ երկարաժամկետ պայմանագիրը խաղացողին չզրկի սեփական կարիերան ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից այն ժամանակ, երբ նա կգտնի, որ առաջ շարժվելու ժամանակն է.»,- գրում է պարբերականը։
Ընդհանուր առմամբ, հրաժարագնի չափը կարող է լուրջ բանակցությունների առարկա դառնալ։ Չափազանց բարձր գումարը կարող է զրկել խաղացողին ցանկության դեպքում հեռանալու իրատեսական հնարավորությունից, իսկ չափազանց ցածրը բավարար երաշխիքներ չի ապահովի ակումբին։ Քննարկումները կարող են շոշափել նաև այն հարցերը, թե որ ակումբները և կոնկրետ երբ իրավունք կունենան ակտիվացնելու այդ կետը։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 26-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո։

























































