ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության մեդալակիրը 77 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի գոտեմարտում համառ պայքարում 1-1 հաշվով (առաջին միավորը վաստակելու չափանիշով) հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Աբդուլո Ալիևին: Քառորդ եզրափակիչի շրջանակում հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Սիդորուկը։ Ավելի վաղ՝ մեկնարկային գոտեմարտում, Տերտերյանը ծանրագույն պայքարում 2-1 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Իմրան Ալիևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մրցումային այս օրը հաղթանակով են մեկնարկել նաև մեր մյուս ըմբիշները: 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը փայլուն մեկնարկ ունեցավ՝ ժամանակից շուտ առավելության հասնելով Հնդկաստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ: Նախնական փուլի իր արգելքը հաջողությամբ հաղթահարեց նաև 63 կգ քաշային Յուրի Կարապետյանը, որը նույնպես ժամանակից շուտ հաղթեց հույն մրցակցին: Իսկ 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 4-1 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանի ներկայացուցչին ու ավելի ուշ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:



























































