Մեքսիկայի Իդալգո նահանգում անցկացված ռեստլինգի El Patron Espectaculos Lucha Libre պրոմոուշենի շոուի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 75-ամյա մրցավար Խերարդո Գերման Պինեդան, որն հայտնի էր «Էլ Բուխո» մականունով:
Դեպքը գրանցվել է հոկտեմբերի 7-ին՝ լուչադորներ Մասկարա Սագրադայի և Խոսե Անխելի (հանդես է գալիս Իխո դե Ֆիշման կեղծանվամբ) մենամարտի ժամանակ: Ընդհարման ընթացքում մրցավարը մի քանի հարված է ընդունել: Սկզբում դե Ֆիշմանը նրա նկատմամբ կիրառել է «սկուպ սլեմ» հնարքը, ինչից հետո մարտը շարունակվել է: Սակայն մենամարտի վերջնամասում ռեստլերն արբիտրի նկատմամբ կիրառել է ռեստլինգում արգելված և ամենավտանգավոր հնարքներից մեկը՝ «մարտինետե» (կամ «փայլդրայվեր»):
Այս հնարքի ժամանակ մրցակցին գլխիվայր շրջում են և ուժգին գցում ռինգի վրա, ինչը մահացու վտանգավոր ծանրաբեռնվածություն է ստեղծում ողնաշարի պարանոցային հատվածի վրա: Ինչպես հայտնում է CageSide Seats-ը, շոուի ժամանակ արենայում բժիշկներ կամ հերթապահ բուժանձնակազմ չի եղել: Հարվածից հետո «Էլ Բուխոն» մի քանի րոպե անգիտակից ընկած է մնացել ռինգում, քանի որ հանդիսատեսն ու մարտիկները վստահ են եղել, թե նա պարզապես խաղարկում է հնարքի հետևանքները՝ շոուի կանոններին համապատասխան:
Երբ իրավիճակը սկսել է կասկածելի թվալ, մենամարտը դադարեցվել է, և շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել մրցավարին. նրանք արձանագրել են վերջինիս մահը:
Ներկայումս ռեստլեր Խոսե Անխելը ձերբակալված է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով: Սպասվում է, որ առաջիկա օրերին դատարանը կորոշի մեղադրյալի իրավական կարգավիճակը:
🚨💔 ¡DE LA EMOCIÓN AL HORROR EN PLENO RING!
En Hidalgo, el réferi Gerardo Germán Pineda, “El Búho”, se desplomó durante la lucha estelar y murió tras el incidente.
😱 El Hijo de Fishman realizó una maniobra que lastimó al réferi.
#HijoDeFishman #LuchaLibre #ElBúho https://t.co/tGckLSlZan
— Identidad Nuevo León (@IdentidadNL) October 8, 2026
























































