Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ Լա Լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրից սկսած մրցավարները հանդիպումների ավարտից հետո հանդես կգան հետխաղյա հարցազրույցներով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ի լրագրող Ռամոն Ֆուենտեսը։
Նոր կարգավորման համաձայն՝ յուրաքանչյուր տուրի երկու հանդիպումներից հետո մրցավարներն ուղիղ եթերում կպատասխանեն առաջնության հեռարձակման իրավունքը պատկանող Movistar և DAZN հեռուստաալիքների լրագրողների հարցերին։
Այս նախաձեռնության հեղինակը հենց Լա Լիգան է։ Գաղափարի իրականացումն արդեն պաշտոնապես համաձայնեցվել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF), Ֆրան Սոտոյի գլխավորած մրցավարական կոմիտեի և մրցավարների արհմիության հետ՝ նոր կոլեկտիվ պայմանագրի շրջանակում։ Հատկանշական է, որ ի սկզբանե նախատեսվում էր այս պրակտիկան ներդնել մրցաշրջանի երկրորդ կեսից, սակայն կողմերը որոշել են արագացնել գործընթացը։
Հավելենք, որ ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանի մեկնարկից ի վեր իսպանացի մրցավարներն արդեն իսկ կարճ հարցազրույցներ են տալիս առանձին հանդիպումներից առաջ։ Բացի այդ, խաղերի մեկնարկից առաջ հեռուստաընկերություններին թույլատրվել է տեսանկարահանումներ իրականացնել նաև մրցավարական հանդերձարաններում։



























































