Էկվադորի Գուայակիլ քաղաքում ընթացող ձյուդոյի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ:
55 կգ քաշային կարգում հանդես եկող Դավթյանը մրցաշարը սկսել է Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով, որից հետո առավելության է հասել 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ։ Այնուհետև հայ ձյուդոիստը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
Եզրափակչում Նարեկը մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստիան Տերանի հետ և զիջել նվազագույն տարբերությամբ։ Սա Նարեկ Դավթյանի առաջին մեդալն է միջազգային խոշոր մրցաշարերում:
Մրցումների առաջին օրը տատամի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային մարզիկները: Հայաստանի պատանեկան հավաքականի ներկայացուցիչներ Կարեն Նավասարդյանն ու Նարեկ Նահապետյանը հաղթել են իրենց մեկնարկային գոտեմարտերում, սակայն հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը: Հիշեցնենք, որ ձյուդոյի պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:




























































