Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինը նոր ակումբ ունի: Ֆուտբոլիստուհին պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմա» ակումբի հետ։
Տրանսֆերի մասին պաշտոնապես տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
«Գերմանիայից դեպի «Ալ-Հիմմա»։ Միջազգային փորձ… և որակ, որը շատ բան է ավելացնում մեր նպատակներին։ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՄԱՐԱԼ»։
Արթինի նոր թիմը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի կանանց առաջնության բարձրագույն լիգայում: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ալ-Հիմման» վստահ ելույթներ է ունեցել՝ եզրափակելով առաջնության լավագույն քառյակը։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ այս տեղափոխությունից հետո Հայաստանի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ազգային հավաքականների ավագները՝ Մարալ Արթինն ու Էդուարդ Սպերցյանը, միաժամանակ հանդես են գալիս Սաուդյան Արաբիայի առաջնություններում։
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ֆուտբոլիստուհին ակումբային մակարդակում պաշտոնական ելույթներ չի ունեցել։ Մարալ Արթինը հանդիսանում է Մյունխենի «Բավարիայի» ակադեմիայի սան։ Կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ Երևանի «Ալաշկերտում», որից հետո երկար ժամանակ ուժերն է փորձել եվրոպական հարթակում՝ պաշտպանելով իսպանական և ֆրանսիական մի շարք ակումբների գույները։
Ինչ վերաբերում է միջազգային կարիերային, ապա Հայաստանի ազգային հավաքականում Մարալ Արթինն իր նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Մինչ օրս նա գլխավոր թիմի մարզաշապիկով անցկացրել է 33 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ։



























































