Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում`նախապատրաստվելով օլիմպիական վարկանիշային միջազգային առաջին մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 10-ը, որից հետո տղաները կմեկնեն Անգլիա և կներգրավվեն օլիմպիական ուղեգրերը վիճարկելու ստուգատեսում:
Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը այդ կարևոր ստուգատեսին կներկայացնի ութ մարզիկ: Նրանք կհայտավորվեն 52 կգ, 57 կգ, 63 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ և + 91 կգ քաշային կարգերում: Այդուհանդերձ, մրցավայր մեկնողների անունները չի հրապարակվում:
Երևանյան հավաքում մարզիչներն առավել ուշադիր կլինեն բռնցքամարտիկների մասնագիտական և հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավման վրա:
Հիշեցնենք` բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջերս է վերադարձել Ուկրաինայի Նադվորնա քաղաքից, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Հայաստանի, Լեհաստանի, Չեխիայի` գլխավոր և տեղի երկրորդ հավաքականի հետ, որի ընթացքում նաև ընկերական խաղեր անցկացվեցին: