Իտալիայի հավաքականի նախկին ավագ, ներկայում «Լոս-Անջելես Գելաքսիի» պաշտպան Ջորջիո Կյելինին արձագանքել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Ջանլուկա Վիալիի մահվանը, որը հունվարի 6-ին 58 տարեկանում հեռացել է կյանքից․
«Մեծագույն մարդ, որը չէր ցանկանում, որ մենք իր համար լաց լինեինք։ Նա մեզ շատ արժեքներ տվեց, որոնք պետք է զարգացնել։ Վիալին միշտ կարողանում էր ճիշտ բառեր գտնել ու դիպչել մեր սրտերին։ Նա առատաձեռն մարդ էր, որը հոգ էր տանում մյուսների մասին։ Ջանլուկան շատ շուտ լքեց մեզ, բայց իր հետևից շատ բան թողեց։
Նա միշտ ամեն ինչին լավատեսորեն էր վերաբերվում, չէր վախենում խոսել իր հիվանդության մասին և մեզ իսկական արժեքներ էր ներարկում։ Վիալին չկարողացավ ներկա գտնվել Եվրո-2020-ի չեմպիոնական տոնախմբությանը Հռոմում, քանի որ պետք է շարունակեր բուժումը։ Դուք չեք պատկերացնի, թե նա որքան հիասթափված էր։ Նա մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի ավելի շուտ չհեռանա հավաքականից։
Ջանլուկան Իտալիայի հավաքականը վեր էր դասում իր առողջությունից։ Մենք նրա հիշատակը միշտ վառ կպահենք մեր սրտերում»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։