ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է հաշմանդամային սպորտին պետության կողմից հատկացվող գումարները, որոնք, ըստ գերատեսչության, վերջին տարիներին մեծապես ավելացել են:
Մինչև 2019 թվականը պետական ֆինանսական աջակցություն է ստացել ընդամենը 4 հասարակական կազմակերպություն, իսկ դրամական աջակցության ընդհանուր չափը կազմել է մոտ 9 մլն դրամ, որը կարող էր ավելանալ տվյալ տարում Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերի առկայությամբ պայմանավորված:
2021 թվականից սկսած հաշմանդամային սպորտի պետական ֆինանսավորման ծավալն աճել է ավելի քան 10 անգամ` գերազանցելով 100 մլն դրամի շեմը:
Այսպես` 2021 թվականին հատկացվել է ընդհանուր առմամբ 104 մլն դրամ՝ տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների անցկացման և մասնակցության համար: 2022 թվականին հաշմանդամային սպորտի պետական աջակցության գումարը կազմել է ավելի քան 112 մլն դրամ, իսկ 2023 թվականին կկազմի ավելի քան 121 մլն դրամ:
Միաժամանակ ավելացել է նաև պետության կողմից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների թիվը. նախկին 4-ի փոխարեն 2021-2022 թվականներին ֆինանսական աջակցություն է տրամադրվել հաշմանդային սպորտի հասարակական 8 կազմակերպությունների` «Հայաստանի կույրերի միավորում», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա», «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա», «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» և «Ռաֆտինգի հայկական ազգային ֆեդերացիա»:
ԿԳՄՍՆ-ից նշում են՝ հաշմանդամային կազմակերպությունների և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հարաբերություններում առկա խնդիրները, որոնց առնչությամբ նախարարությունը նաև գրություններ և դժգոհություններ է ստացել, քննարկման առանձին թեմա են:
Գրետա Վարդանյանը պարտքով է մեկնել Դուբայի մրցաշարին. ԿԳՄՍ-ն արձագանքել է























































