«Մանչեսթեր Սիթիի» շուրջ ծավալված ֆինանսական սկանդալի գլխավոր դերակատարը պորտուգալացի հաքեր Ռուի Պինտուն է: Ժամանակին հենց նա էր կոտրել ակումբի աշխատակիցների էլեկտրոնային փոստերն ու հրապարակել բազմաթիվ մեքենայություններ և խախտումներ ապացուցող նամակագրություններ։
Այժմ հայտնի հաքերին սպառնում են սպանել, իսկ փաստաբանները հայտնում են, որ նրան հեռացրել են վկաների պաշտպանության ծրագրից։ Սակայն անգլիական գրանդը միակը չէ, որի հետ բախվել է Football Leaks կայքի հիմնադիրը։ Ներկայացնում ենք բոլոր նրանց, ում ճանապարհը ժամանակին խաչվել է Պինտուի հետ։
Ի՞նչ են ասում Պինտուի փաստաբանները
Հաքերի սոցցանցային էջերում վերջերս տարածվեց նրա իրավաբանների ընդարձակ հայտարարությունը։ 2020 թվականի օգոստոսից Ռուի Պինտուն գտնվում էր վկաների պաշտպանության ծրագրի ներքո, որի ժամկետը պաշտոնապես լրացել է։ Այս ծրագրի շրջանակում Պինտուն ապահովված էր ոչ միայն ոստիկանական պաշտպանությամբ, այլև գաղտնի կացարանով, որն այժմ նա ստիպված է լքել։
Առանձին ուղերձով հանդես է եկել նաև անձամբ Պինտուն՝ նշելով, որ մահվան սպառնալիքներ է ստանում, և իր կյանքին լուրջ վտանգ է սպառնում, ինչի պատճառով ստիպված է անորոշ ժամանակով տեղափոխվել գաղտնի վայր։ Փաստաբաններն ու հաքերը պաշտպանական ռեժիմի չեղարկումը կապում են «Մանչեսթեր Սիթիի» դեմ մեղադրական գործընթացի հետ, որը կառուցված է հենց Պինտուի կազմակերպած արտահոսքերի վրա։ Սակայն պորտուգալացին ֆուտբոլային աշխարհում այլ ազդեցիկ թշնամիներ ևս ունի։
Թշնամանք պորտուգալական «Բենֆիկայի» հետ
Այս ցուցակի առաջին հորիզոնականներում է Պորտուգալիայի խոշորագույն ակումբը՝ «Բենֆիկան»։ Պինտուն ծնունդով Պորտուից է և տեղի համանուն թիմի մոլի երկրպագու, ուստի մայրաքաղաքային գրանդի դեմ պայքարը նրա համար պատվի հարց էր։
«Բենֆիկան» նման է ութոտնուկի՝ ազգային էլիտայի վրա իր ազդեցությամբ։ Ակումբը սերտորեն կապված է ոստիկանության, դատախազության և քաղաքական գործիչների հետ… Եթե իշխանությունները երբևէ լրջորեն հետաքննեին «Բենֆիկային», դա շահերի հսկայական բախում կառաջացներ», – դեռ 2019-ին Der Spiegel-ին տված հարցազրույցում նշել էր Պինտուն։
2017-ին նա մուտք գործեց «Բենֆիկայի» ներքին նամակագրությունների բազա, որտեղ քննարկվում էին պորտուգալական, ինչպես նաև եվրոպական ֆուտբոլում գերիշխանություն հաստատելու պլանները՝ ներառյալ աշխատանքը մրցավարների և հեռուստամեկնաբանների հետ։ Այդ տվյալների հիման վրա դատական գործընթաց սկսվեց։ Թեև «Բենֆիկան» հաստատեց նամակների իսկությունը, մեղադրանքներն անվանեց անհիմն։ Զուգահեռաբար սկսվեց Պինտուի հալածանքը. նրան ձերբակալեցին Բուդապեշտում՝ շանտաժի մեղադրանքով, արտահանձնեցին Պորտուգալիա, ավելի քան կես տարի պահեցին ճաղերի հետևում, ապա դատապարտեցին պայմանական ազատազրկման։
Ռոնալդուի և բռնաբարության մեղադրանքի գործը
Պինտուի կարիերայի հաջորդ աղմկահարույց գործը Կրիշտիանու Ռոնալդուի մասին տեղեկությունների հրապարակումն էր։
2017 թվականին նույն Dep Spiegel-ը, հիմնվելով Պինտուի տրամադրած նյութերի վրա, գրեց, որ 2009-ին Ռոնալդուի և ամերիկուհի Քեթրին Մայորգայի միջև ինտիմ կապ է եղել, որը, ըստ կնոջ, կամավոր չի եղել։ Հաքերի բազայից պարզ դարձավ, որ Կրիշտիանուի իրավաբանները լռության պայմանագիր են կնքել ամերիկուհու հետ՝ նրան վճարելով 375 հազար դոլար փոխհատուցում։ Նևադայի նահանգի դատարանը, որտեղ տեղի էր ունեցել ենթադրյալ միջադեպը, գործի նյութերում որպես ելակետ օգտագործեց գերմանական պարբերականի հոդվածը։ Այնուամենայնիվ, դատարանը բավարար ապացույցներ չգտավ և պաշտոնական մեղադրանք չառաջադրեց պորտուգալացի աստղի դեմ։
«Ռեալի» աստղերի հարկային օֆշորային սխեմաները
Իսպանական ֆուտբոլում հարկային խնդիրները նորություն չեն, սակայն հենց Football Leaks-ն էր կանգնած այն մեծ արտահոսքի հետևում, որը բացահայտեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր աստղերի մեքենայությունները։
2016-ին հաքերները լրագրողներին փոխանցեցին 1.9 ՏԲ ծավալով 18 միլիոն ֆայլ։ Այնտեղ մանրամասն ներկայացված էին այն սխեմաները, որոնց շնորհիվ Մեսութ Օզիլը, Ժոզե Մոուրինյուն և Կրիշտիանու Ռոնալդուն խուսափել են հարկերից։ Հետաքննությունը պարզեց, որ Ռոնալդուն բարդ կորպորատիվ ցանցի միջոցով Իսպանիայի բյուջե չի վճարել գրեթե 15 մլն եվրո։
Նա օգտագործել էր հաշիվներ Իռլանդիայում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Շվեյցարիայում, Պանամայում, Լյուքսեմբուրգում և Ջերսի կղզում՝ որպես «հարկային ապաստարաններ»։ Սա թույլ էր տվել 2009-ից 2014 թվականներին գովազդային պայմանագրերից ստացված 150 մլն եվրո եկամտից վճարել ընդամենը 6 միլիոնից պակաս հարկ։ Դատավարության արդյունքում Ռոնալդուն խուսափեց բանտարկությունից՝ համաձայնելով պայմանական պատժաչափի և վճարելով 17 մլն եվրո տուգանք։
Ջանի Ինֆանտինոյի և ՊՍԺ-ի գաղտնի գործարքը
2018 թվականին Պինտուի արխիվները հարվածեցին ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ, իսկ այն ժամանակ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին։ Պարզվեց, որ 2014-ին նա օգտագործել է իր դիրքը՝ ճնշում գործադրելով ՈւԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության կոմիտեի վրա, որպեսզի մեղմացնի ֆինանսական ֆեյր-փլեյը խախտած ՊՍԺ-ի պատժամիջոցները։
Հաքերները բացահայտեցին ՊՍԺ-ի ղեկավարության և Ինֆանտինոյի գաղտնի հանդիպումները, որոնք փարիզյան ակումբին փրկեցին եվրագավաթներից որակազրկվելուց։ Football Leaks-ի փաստաթղթերի համաձայն՝ Qatar Sports Investments-ին պատկանող ՊՍԺ-ն Կատարի զբոսաշրջության վարչության հետ կնքել էր 1 մլրդ եվրոյի պայմանագիր, մինչդեռ դրա իրական շուկայական արժեքը չէր գերազանցում 2,78 մլն եվրոն։ Ըստ էության, սա փողերի արհեստական ներարկում էր, որի մասին Ինֆանտինոն տեղյակ է եղել և օգնել է կոծկել այն։
ՊՍԺ-ն, բնականաբար, հերքեց անազնիվ խաղի մեղադրանքները։ Այն ժամանակ փարիզեցիները տուգանվեցին 20 մլն եվրոյով, բայց պահպանեցին իրենց տեղը Չեմպիոնների լիգայում։

























































