Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ներողություն է խնդրել Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ կայացած խաղում (1:0) իր սկանդալային հեռացման համար։
Հիշեցնենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսում բրազիլացին գրավել էր մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց, քանի որ գրոհի սկզբնամասում վինգերը քաշել էր կանադացի կիսապաշտպան Նաթան-Դիլան Սալիբայի մազերից: Այս արարքի համար Վինիսիուսը պատժվեց ուղիղ կարմիր քարտով:
«Ուրախությունը շարունակվում է… Ներողություն եմ խնդրում իմ թիմից և երկրպագուներից»,- գրել է ֆուտբոլիստն իր ինստագրամյան էջում։
Չնայած խաղացողի զղջմանը՝ միջադեպը լուրջ արձագանք է գտել: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել է գլխավոր մրցավարի զեկույցը, որտեղ նկարագրվում է բրազիլացու ագրեսիվ արձագանքը հեռացմանը.
«Վինիսիուսը բողոքում էր իմ որոշման դեմ՝ բարձր գոռալով և շարժվելով իմ ուղղությամբ։ Նրա մոտ ակնհայտ ագրեսիա էր նկատվում։ Թիմակիցները ստիպված էին հետ պահել նրան։ Նա ինչ-որ բան էր ասում, բայց ես չկարողացա հասկանալ բառերը»:

The Touchline-ի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբում խիստ անհանգստացած են խաղացողի պահվածքով: «Սերուցքայինների» ճամբարում կարծում էին, թե Վինիսիուսն արդեն սովորել է զսպել էմոցիաները, սակայն այս պոռթկումը մտավախություն է առաջացրել, որ նա վերադառնում է իր հին սովորություններին:
Միևնույն ժամանակ, ըստ լրագրող Մարիո Կորտեգանայի, Վինիսիուսի շրջապատում հեռացումը համարում են արդարացի, սակայն դժգոհում են երկակի ստանդարտներից՝ հիշեցնելով 2025 թվականի սկզբին տեղի ունեցած միջադեպը, երբ «Վալենսիայի» դարպասապահը նույն կերպ քաշել էր Վինիսիուսի մազերից, բայց չէր հեռացվել խաղադաշտից:
Հավելենք, որ «Ռեալին» հաղթանակ բերեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանական «Լայպցիգից» 125 մլն եվրոյով տեղափոխված Յան Դիոմանդեի՝ 62-րդ րոպեին խփած նորամուտի գոլը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 18 միավորով 3-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Վիլյառեալը» 8 միավորով 13-րդն է: Հաջորդ տուրում «Ռեալը» կընդունի «Սևիլիային», սակայն եթե Վինիսիուսը լրացուցիչ որակազրկում ստանա (սպասվում է 2-3 խաղ), ապա ստիպված կլինի բաց թողնել գործող չեմպիոն և առաջնության առաջատար «Բարսելոնայի» դեմ սպասվելիք արտագնա «Էլ Կլասիկոն»:
























































