Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, ավանդույթի համաձայն, քվեարկություն է անցկացնում (ժ.18:00-ի դրությամբ քվեարկությունն ավարտվելէ)՝ տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին որոշելու համար: Քվեարկությանը մասնակցել է նաև ArmSport-ը.
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի եռյակը՝ մեր վարկածով: Եռյակները որոշվել են մեր խմբագրության ներքին քվեարկության արդյունքում:
1. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի երկար տարիների ավագ Հենրիխ Մխիթարյանն անցնող տարում «Ռոմայի» առաջատարներից էր և թիմի հետ հաղթեց Կոնֆերենցիաների լիգան: Հենրիխն այնուհետև տեղափոխվեց իտալական մեկ այլ՝ կարգով ավելի բարձր ակումբ՝ «Ինտեր», որտեղ ևս մեկնարկային կազմի խաղացող է և աստիճանաբար առանցքային դեր է ստանում թիմում՝ պարբերաբար աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:
Անկախ ամեն ինչից, չպետք է մոռանալ, որ Ա Սերիան եվրոպական թոփ-լիգաներից մեկն է:
2. Էդուարդ Սպերցյան
Սպերցյանն այս տարի դարձավ իր թիմի՝ «Կրասնոդարի» առաջատարներից մեկը, իսկ որոշ խաղերում կրում էր ավագի թևկապը։
Հայ ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան անցկացրեց ՌՊԼ-ում՝ երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվելով թիմի՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստը։
3. Սարգիս Ադամյան
Սարգիս Ադամյանն այս տարի «Բրյուգեի» հետ դարձավ Բելգիայի չեմպիոն, ի դեպ, «Անտվերպենի» հետ չեմպիոնական խաղում (3-1) հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել։
Ադամյանն այնուհետև վերադարձավ գերմանական Բունդեսլիգա՝ միանալով «Քյոլնին»: Այստեղ ևս հայ ֆուտբոլիստը հիմնական կազմի խաղացող է, թեև նրա անցկացրած մրցաշրջանը փայլուն համարել չի կարելի, բայց այս դեպքում ևս չենք մոռանում Գերմանիայի առաջնության մակարդակը:
Լավագույն մարզիչների մեր եռյակում տեղ են գտել՝
1․ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ «Փյունիկը» դարձավ Հայաստանի չեմպիոն, ապա պատմական արդյունք գրանցեց Եվրագավաթներում՝ հասնելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ և մինչև վերջին տուրը հավակնում էր փլեյ-օֆֆ դուրս գալուն։ Մեր թիմն արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրեց խմբում՝ «Սլովանից» և «Բազելից» հետո։
2. Վահե Գևորգյանը, որը նորաստեղծ «Նորավանքի» հետ առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով փորձառու «Ուրարտուին» (2-0)։
3․ Դմիտրի Գունկոն, որը «Արարատ-Արմենիայի» հետ զբաղեցրեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը, իսկ այժմ «Ուրարտուի» ղեկին շատ լավ արդյունքներ է գրանցում, և թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։