Գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր թիմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։
«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։
Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին՝ վստահության համար։
Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբիս անդամներին, ֆուտբոլիստներին և ադմինիստրատիվ կազմին՝ համատեղ աշխատանքի համար։
Հուսով եմ, որ «Ալաշկերտը» ապագայում մեծ հաջողությունների կհասնի, քանի որ սա հարազատ ակումբ է ինձ համար»,- Բարսեղյանի հրաժեշտի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Բարսեղյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Նշվում է, որ մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmSport-ը տեղեկացրել էր Բարսեղյանի հրաժարականի մասին։