Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցան Եվրոպա լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի հանդիպումները, որից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր թիմերը։
Խմբերում առաջին տեղերը զբաղեցրել են «Արսենալը» (Անգլիա), «Ֆեներբախչեն» (Թուրքիա), «Բետիսը» (Իսպանիա), «Յունիոն Սեն-Ժիլը» (Բելգիա), «Ռեալ Սոսյեդադը» (Իսպանիա), «Ֆեյենորդը» (Նիդեռլանդներ), «Ֆրայբուրգը» (Գերմանիա) և «Ֆերենցվարոշը» (Հունգարիա): Այս թիմերը կխաղան 1/8 եզրափակիչում։
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ դուրս եկան իրենց խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ ՊՍՎ (Նիդեռլանդներ), «Ռեն» (Ֆրանսիա), «Ռոմա» (Իտալիա), «Յունիոն» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Միդտյուլանդ» (Դանիա), «Նանտ» (Ֆրանսիա) և «Մոնակո» (Ֆրանսիա), ինչպես նաև 8 ակումբներ, որոնք Չեմպիոնների լիգայի խմբերում զբաղեցրել են երրորդ տեղը՝ «Բարսելոնա» (Իսպանիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Բայեր» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր» (Ուկրաինա)։
Նոյեմբերի 7-ին Նիոնի Եվրոպական ֆուտբոլի տանը կկայանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի վիճակահանությունը։