Լիվերպուլում այսօր մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի երիտասարդ Գագիկ Խաչիկյանը: Նա հանդես կգա բազմամարտ մրցաձևում, իսկ որակավորման փուլում նրա մրցելույթը նախատեսված է այսօր 13:30-ին:
Այսօր ժամը 19:50-ին նախատեսված են Վահագն Դավթյանի և Արթուր Ավետիսյանի ելույթները, որոնք հանդես են գալու օղակներ վարժությունում: 20:00-ից կմեկնարկի Արթուր Դավթյանը հենացատկում, իսկ 21:25-ից՝ Հարություն Մերդինյանը նժույգթափերում:
Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ մարմնամարզիկները 21-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի աշխարհի առաջնության մրցավարների շարքում: Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: