Ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին», լուրջ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։ Այս մասին հայտնում է CBS Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Արսենալի», «Նյուքասլի», «Էվերտոնի» ու «Լիդսի» մասին է։
Իր հերթին, «ծեր սենյորան» պատրաստ է բաժանվել խաղացողից, քանի որ մարզչական շտաբն այլևս հետաքրքրված չէ նրա ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Մակքենին Ա Սերիայում անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։