Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Իսպանիայի առաջնությունում հաղթելուց հետո իր հույզերով։
Շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրի խաղում պարտվեց «Ժիրոնային» (2-4) և կորցրեց մրցաշարային աղյուսակում «Ռեալին» շրջանցելու հնարավորությունը։ Այսպիսով, մադրիդյան ակումբը ժամանակից շուտ դարձավ չեմպիոն։
«Մենք շատ ուրախ ենք։ Դա արժանի հաղթանակ էր։ Մենք կցանկանայինք տոնել այս իրադարձությունը բոլոր երկրպագուների հետ, բայց նրանք հասկանում են, որ չորեքշաբթի մեզ շատ կարևոր փորձություն է սպասվում։ Մենք ցանկանում ենք լավ պատրաստվել նրանց գոհացնելու համար, և այս շաբաթավերջին միասին կնշենք տիտղոսը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզիչը նաև ասել է, թե որն էր թիմի գլխավոր գործոնը առաջնությունում հաղթանակ տանելու համար.
«Այս թիմը կառավարելը հեշտ էր, քանի որ կա մեծ նվիրվածություն և քիչ էգո, բոլորն օգնում են միմյանց և ընկերասեր են: Մենք լավ պայմաններ ունենք, և այս հատկանիշները մեզ թույլ տվեցին հաղթել»,- հավելեց նա: