Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում այսօր Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել էր Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։
Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց լիտվական թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Չեբուրինը․
«Սպասում էինք, որ մրցակիցը սուր կգրոհեր։ Փակում էինք եզրերը, որ ապահովագրեինք մեզ։ Հնարավորություն ունեինք գոլ խփելու։ Երկրորդ խաղակեսում գնդակի տիրապետումը մի թիմից մյուսին էր անցնում։ Փորձում էինք ու ունեինք հնարավորություն։
Հնարավոր է, որ խաղադաշտին չադապտացվելու պատճառով էինք սխալներ թույլ տալիս։ Հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպում ունենք։ Կվերլուծենք այսօրվա հանդիպումը և կպատրաստվենք հաջորդ խաղին»,- ասել է մասնագետը։
Նշենք, որ չորրորդ տուրում թիմերը կհանդիպեն արդեն Վիլնյուսում՝ հոկտեմբերի 13-ին։