Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» առաջիկա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, Երևանում։
Առաջիկա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Մենք ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Մենք պատրաստ ենք այս խաղին։ Չունենք խնդիրներ, բոլոր ֆուտբոլիստները թե՛ հոգեպես, թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես պատրաստ են այս խաղին։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիտներ չունենք։
«Ժալգիրիսն» ունի ուժեղ կողմեր։ Նրանց կազմում կան իմ գլխավորությամբ հանդես եկած երկու ֆուտբոլիստներ՝ Ռենան Օլիվեյրան ու Ժոելը (Բոպեսու)։ Նրանք ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, բայց մենք պատրաստ ենք վաղվա խաղին։
Շատ կուզենայի, որ երկրպագուները մեզ հետ լինեն և օգնեն վաղը։ Երբ մենք դրսում ենք խաղում, մենք զգում ենք երկրպագուների այդ ճնշումը։ Կուզենայի, որպեսզի մեր մրցակիցն էլ վաղը դա զգար։
Մենք ուզում ենք հաղթել վաղվա խաղում, վաստակել երեք միավորը։ Այժմ միայն տրամադրված եմ վաղվա խաղին»,- ասել է մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։
Կարդացեք նաև՝ Փյունիկի առաջիկա մրցակիցը․ Ժալգիրիս